«Աննախադեպ առաջարկ Հայաստանին»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիասթափված է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումից։ Այսօր կազմակերպված քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։

Նրա կարծիքով՝ Պուտինն ավելի շատ մեծ սպասելիքներ ուներ. «Վերսալում արված ընդունելությունը սխալ մեկնաբանվեց. Պյոտր Առաջինի՝ Վերսալ ալցելության 300-ամյակն էր, դրանից հետո է Պյոտր Առաջինը որոշել, որ Ռուսաստանը պետք է Եվրոպայի մաս դառնա, այդ իսկ պատճառով էլ հանդիպումը եղավ Վերսալում։ Բայց դատելով ասուլիսից և դրանից հետո ՌԴ նախագահի որոշ հրապարակային արտահայտություններից՝ կարծես թե որևէ համաձայնության չեն եկել»։

Շահնազարյանն ընդգծեց՝ այդ հանդիպումով Մակրոնը հայտ ներկայացրեց, որ ինքը բարձր կարգի եվրոպական գործիչ է. «Նա նաև նշեց, որ բոլոր մանրամասների մասին պետք է տեղյակ պահի Գերմանիայի կանցլերին, և իմ գնահատականն այն է, որ Եվրոպայում գերմանաֆրանսիական տանդեմը նոր կարևորություն և նոր ակտիվություն է ձեռք բերում, որը Օլանդի նախագահության տարիների էապես թուլացել էր։ Դա առնվազն ձեռնտու է Հայաստանին, քանի որ չափազանց կարևորւմ եմ ԵՄ-ի հետ նախաստորագրված նոր պայմանագիրը»։

Նրա խոսքով՝ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանը թեև պետք է կտրուկ քայլեր չանի, բայց պետք է օգտվի ստեղծված հնարավորություններից.

«Օրինակ՝ Հայաստանին արվել է աննախադեպ առաջարկ ԱՄՆ դեսպանի կողմից, որն ուղղակիորեն լուծում է ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիրները, բայց, ցավոք, Հայաստանի կառավարությունը համարժեք որևէ արձագանք չի տվել»։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլարի ներդրումային համագործակցության հնարավորություն կա։ Համաժողովին մասնակցում էին վերականգնվող էներգետիկայի ամերիկյան 7 խոշոր ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարով:


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.