«Ռուհանին ցույց տվեց, որ Հայաստանը «բանալի երկիր» է Իրանի համար». Աննա Գևորգյան

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի վերլուծաբան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, իրանագետ Աննա Գևորգյանն այսօրվա քննարկման ընթացքում ասաց, որ հայկական մամուլն Իրանի մասին գրում է՝ օգտվելով արևմտյան կամ ռուսական կայքերից, ինչի արդյունքում՝ լուրջ խնդիր է առաջանում՝ հասկանալու Իրանի քաղաքական համակարգն ու դրանում հասարակության ներգրավվածության դերը։

Սխալ պատկերացումներ՝ Իրանի կառավարման համակարգի մասին

«Որպես կանոն՝ գերակշռում են այնպիսի մոտեցումներ, որ Իրանում նախագահը որևէ բան չի որոշում, այնտեղի նախագահական ընտրությունները ձևական միջոցառում են՝ ցույց տալու աշխարհին, թե իբր ժողովրդավարական երկիր է, այնինչ երկրում գրեթե ամեն բան որոշում է հոգևոր առաջնորդը։

Սրա մեջ, իհարկե, ճշմարտության հատիկ կա, բայց եթե միայն հոգևոր առաջնորդով պայմանավորված լիներ Իրանի ներքին կամ արտաքին քաղաքականությունը, ապա կստացվեր, որ վերջին 30 տարվա ընթացքում այդ երկրում ոչինչ չի փոխվել, որովհետև 89 թվականից սկսած Իրանի հոգևոր առաջնորդը Ալի Խամենեին է, որը ցմահ է ընտրվել։ Նախագահի անձը շատ մեծ դերակատարում ունի, թե Իրանը՝ որպես քաղաքական սուբյեկտ, ինչպես է ներկայանում աշխարհին, և ինչ տեսակի հարաբերություններ է կառուցում այլ երկրների հետ»,- պարզաբանեց նա։

Մյուս ծայրահեղությունն էլ, ըստ իրանագետի՝ այն է, որ Իրանի նախագահն ինչ-որ բան փոխելու շատ մեծ լիազորություններ ունի։

Արյունոտ իրադարձություններն ու Իբրահիմ Ռաիսին

Ա. Գևորգյանի խոսքով՝ Ռաիսիի թեկնածության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, որովհետև վերջին երկու տարիներին շրջանառվում էր այն վարկածը, թե Ռաիսին կարող է լինել հոգևոր առաջնորդի փոխարինողը. «Գաղտնիք չէ, որ ցմահ ընտրված Ալի Խամենեին որոշակի առողջական խնդիրներ ունի, և սարերի հետևում չէ այն օրը, երբ կարիք կլինի նոր առաջնորդ ընտրելու։ Այս իմաստով պահպանողականների համար կարևոր էր Ռաիսիի մասնակցությունը նախագահական ընտրություններին, որովհետև նա քաղաքական կենսագրություն չունի, և երկրորդ՝ այդ մասնակցությունը թույլ կտար չափել հասարակական մոտեցումը նրա կերպարին։

Բայց նրա անունը կապ ունի նաև Իրանի ամենաարյունալի էջերից մեկի հետ։ Այդ մասին նույնիսկ պատմաբաններն են քիչ գրում, որովհետև քիչ փաստեր են հայտնի։ 1988թ. Իրանաիրաքյան պատերազմի ավարտից հետո եղավ Այաթոլա Խամենեիի կողմից հրապարակված երկու ֆաթվա, որոնք առնչվում էին քաղբանտարկյալներին։ Ըստ դրանց՝ պետք է հարցում արվեր քաղբանտարկյալների շրջանում, և, եթե պարզվեր, որ մինչ իսլամական հեղափոխությունը չեն եղել բարեպաշտ մուսուլմաններ, նրանց մահապատիժ էր սպառնում։ Մահապատժի ենթարկված մարդկանց թիվը հասնում է մոտ 5000-ի, և փաստեր կան, որ վերջնական որոշում կայացնող դատավորների թվում եղել է նաև Իբրահիմ Ռաիսին»։

Իրանագետը հիշեցնում է, որ նախընտրական շրջանում Ռուհանին էլ է ակնարկել այդ մասին. «Նա նշում էր, թե վերևներից ուզում են, որ Իրանի հասարակությունն ընտրի մարդկանց, որոնք բացի մահապատժի հրաման ստորագրելուց՝ այլ բան չեն արել»։

Ի՞նչ կփոխվեր, եթե Իրանի նախագահական ընտրություններն այլ ելք ունենային

Ըստ նրա՝ Ռուհանին 2013թ. ընտրություններում հաղթելուց հետո եկել էր «բանալին ձեռքին» կերպարով, որը դեպի Արևմուտք դռներ բացելու բանալին էր. «Ռուհանին ցույց տվեց, որ պատրաստ է երկխոսության, և ծրագրերի մեծ մասն իրականություն դարձրեց, հասարակությունը, սակայն, դժգոհ էր, որովհետև այդ խոստումներից հետո սպասում էր լուրջ տնտեսական աճ երկրում, որը չկա։ Իրանցին դեռևս իր մաշկի վրա չի զգում տնտեսական վերելք։ Այս համատեքստում Հայաստանը կարևոր խաղացող է  տարածաշրջանում Իրանի համար։

Անկախ նրանից, թե ով կլիներ նախագահը, այս հարաբերությունները դժվար թե փոփոխության ենթարկվեին։ ՀՀ-Իրան հարաբերությունները կարևոր են ոչ միայն քաղաքական կամ տնտեսական առումներով, այլև երկրի իմիջի, PR-ի համար, որովհետև, երբ ասում են, թե Իրանը մուսուլմանական երկիր է, չի կարողանում Արևմուտքի հետ երկխոսության մեջ մտնել, որպես կանոն, բերում են Հայաստանի հետ հարաբերությունների օրինակը»։

Իրանագետը նշեց, որ 2016թ. վերջին Իրանի նախագահ Ռուհանին Հայաստան կատարած այցով ցույց տվեց, որ Հայաստանը դեպի Արևմուտք «բանալի երկրի» դերում է. «Ռաիսիի կերպարն ավելի ձեռնտու կլիներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա կողմնակիցներին, որպեսզի ավելի հեշտ միջազգային հանրության աչքերում պատկերվի դիվականացված երկրի՝ արյունալի անցյալ ունեցող ներկայացուցիչ։ Շատ ավելի դժվար է, երբ գործ ունես Ռուհանիի և արտգործնախարար ժպտադեմ Մոհամադ Ջավադ Զարիֆիի։ Այս իմաստով՝ Հայաստանի, տարածաշրջանի կայունության համար ավելի ձեռնտու էր, որպեսզի Ռուհանին վերընտրվի»։

Հակաիրանական խմորումներ

Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները, արաբական 4 երկրների հետ Քաթարի հարաբերությունների խզումը, ըստ Ա. Գևորգյանի՝ փաստում են, որ հակաիրանական բնույթի զարգացումներ են ընթանում, բայց դրանց վերջնարդյունքի մասին բարդ է խոսել. «Այս իրադարձությունների համատեքստում Իրանը շարունակում է մնալ կայունության կղզյակ տարածաշրջանում, և այս իմաստով՝ վերջնարդյունքի մասին խոսելը դժվար է»։


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.