«Առանց կարգավիճակի հստակեցման՝ ստատուս-քվոյի փոփոխությունը շատ ավելի մեծ սպառնալիքների և վտանգների է բերելու». Դավիթ Շահնազարյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն այսօրվա քննարկման ժամանակ անդրադառնալով Արցախի հիմնահարցին՝ ասաց, որ դրա վերաբերյալ կոնկրետ քայլեր չեն արվում, իսկ արված քայլերն էլ բավարար չեն։

«Բավարար չեն այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են՝ իրենց իսկ հռչակած քաղաքականությունն իրագործելու համար, այսինքն՝ որ Արցախն պետք է լինի թե՛ հակամարտության, թե՛ կարգավորման կողմ։ Այստեղ հսկայական ռեզերվներ կան, որոնք թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը պետք է օգտագործեն։ Չեմ ուզում մի քանի տասնյակ քայլերի մասին խոսել, որոնք պետք է արվեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է շարունակել պաշտպանության մակարդակի բարձրացումը։

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի առաջնագծում եղած վիճակի տարբերությունը հսկայական է. «Ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ ամեն ինչ տեսել։ Բավարա՞ր է դա, իհա՛րկե բավարար չէ։ Բառիս բուն իմաստով՝ ամեն քառակուսի մետրը հիմա էլեկտրոնային հսկողության տակ է։ Նախորդ տարվա ապրիլին կարող էինք միայն երազել այդ մասին»։

Շահնազարյանը նշեց, որ արտաքին քաղաքական իրավիճակից պետք է օգուտ քաղել. «Պետք է կտրուկ քայլեր անել, այսինքն՝ շատ ավելի ակտիվ մասնակցել բանակցային գործընթացին։ Կարգավորումից շատ հեռու ենք, բայց դա նշանակում է, որ ավելի ակտիվ պետք է բանակցել։ Այսօր Հայաստանի դիրքորոշումը շատ ռացիոնալ է։ Ստատուս-քվոյի փոփոխություն չի կարող լինել՝ առանց կարգավիճակի հստակեցման։

Որևէ ժամանակավոր փաստաթուղթ չի կարող աշխատել, որովհետև առանց կարգավիճակի հստակեցման՝ ստատուս-քվոյի փոփոխությունը, իմ խորին համոզմամբ, շատ ավելի մեծ սպառնալիքների և վտանգների է բերելու։ Ասվում է, թե ոչ, բայց համանախագահող երկրներն էլ են կիսում այս դիրքորոշումը։ Համենայնդեպս, ԱՄՆ-ը սրա մասին մի քանի անգամ հստակ հայտարարել է»։

Ինչ վերաբերում է դիտորդների քանակը 7 հոգով ավելացնելու մասին որոշմանը, ապա Դ. Շահնազարյանը նկատեց, որ դա դրական ոչինչ չի տա, բայց, ըստ նրա՝ դա ցայտուն ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է գնում բանակցային գործընթացը. «Պետք է հետևողական լինել և այս ուղղությամբ շարունակել։ Այսինքն՝ Հայաստանի ունեցած դիրքորոշումից բխող քայլեր են հիմա քննարկվում բանակցային գործընթացում։ Կան հսկայական քանակությամբ առաջարկներ, որ Հայաստանը կարող է կատարել, թեկուզ Ադրբեջանը կմերժի դրանք»։

Ստեղծված անորոշ վիճակը, ըստ Շահնազարայանի՝ Ռուսաստանի համար այս հարթակում ԱՄՆ-ի հետ հարաբերվելու հնարավորություն է. «Թեև Ռուսաստանի քաղաքականությունը, մեղմ ասած, մնում է անկանխատեսելի, բայց այս անորոշությունը զսպում է բոլորին։

Ոչ մի կենտրոն չի կարող լուրջ հաշվարկներ կատարել, թե ինչպիսին կլինի արձագանքը, բայց այստեղ քայլերի հսկայական հնարավորություններ կան։ Պարզ ասեմ՝ մեր դիվանագիտության մեջ շատերը փորձում են բոլորին սև ու սպիտակ ասել, այսինքն՝ սա մեր թշնամին է, սա մեր բարեկամն է, բայց նման բան չկա։ Պետք չէ պիտակավորել։ Օրինակ՝ Իսրայելի հետ պետք է շատ ակտիվ աշխատել, ոչ թե համարել, որ նրանք Ադրբեջանի գործընկերներն են:

Հսկայական աշխատանք կա կատարելու Ուկրաինայի հետ, թեև պարզ է, որ նա Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի։ Վրաստանի հետ հարաբերությունները. ամեն անգամ բարձր մակարդակներով հանդիպումներից հետո ի՞նչ ենք լսում, որ անլուծելի խնդիրներ չկան, և կա շատ մեծ պոտենցիալ։ Այդ պոտենցիալը ե՞րբ է սկսելու իրականություն դառնալ։ Կամ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները. պատահական չէ, որ ԵՄ-ն վերջերս սկսել է չափազանց ակտիվ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հարց դնել, որ մինչ այդ ընդունված էր, թե ԱՄՆ-ն է դրանով զբաղվում։ ԵՄ-ի հետ Հայաստանի պայմանագիրն էլ բավական լուրջ փաստաթուղթ է, և ես կհամարեմ արտաքին քաղաքականության շատ լուրջ հաջողություն, եթե այն ստորագրվի»։

Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ Հայաստանի դիրքորշումը նշանակում է, որ պետք է խաղաղության պայմանագիր լինի, այլ ոչ թե միջանկյալ բանաձև. «Ես այդ դիրքորոշումը համարում եմ խիստ ռացիոնալ. աշխարհաքաղաքական այս անորոշ իրավիճակում ոչ մի միջանկյալ փաստաթուղթ չի կարող գործել, որովհետև չկա երաշխավորը։ Իրականում, Ադրբեջանն անընդհատ տորպեդահարում է բանակցությունները՝ հաշվի առնելով ներքին իրավիճակը, որը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է»։


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.