Շտապ .Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում, ըստ կառավարության հաղորդագրության, քննարկել են արտաքին քաղաքականությանն ու Արցախին առնչվող հարցեր:

Արցախի խնդրում Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը Հայաստանում իր գնահատականը ստացավ 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը, չհավաքելով անցողիկ անհրաժեշտ տոկոսը: Այդ մոտեցումը թեեւ վերագրվում է Տեր-Պետրոսյանին, այդուհանդերձ շարունակել են նաեւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, գուցե տարբեր նրբերանգներով:

Ընդհանուր առմամբ, այդ մոտեցումը եղել է ծուղակ Հայաստանի ու Արցախի համար, որովհետեւ պատերազմի ավարտից անմիջապես հետո հաղթող կողմին խոշոր հաշվով վերածել է դիվանագիտության դաշտում պաշտպանվող, արդարացող կողմի, բանակցության գործընթացի հենց սկզբից ընդունելով, որ բանակցության առարկայի մի մասի հանդեպ Ադրբեջանն ունի հստակ իրավունք: Խոսքը տարածքների մասին է:

Բաքուն տարիներ շարունակ խմորել, հունցել է այդ հանգամանքը, ի վերջո վերածելով շատ հստակ ռազմավարության եւ Հայաստանի դեմ կիրառելով Հայաստանի մոտեցմամբ իրեն տրված իրավունքը: Բաքուն ասում է՝ եթե տարածքները իմն են եւ դուք ընդունում եք դա ամենաբարձր մակարդակով, ուրեմն իմը տվեք ինձ հենց հիմա եւ անվերապահ, իսկ մնացյալի մասին կխոսենք դրանից հետո:

Այդ ծուղակը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը երկու տասնամյակ անց ստացավ պատերազմի իրավունք եւ միջազգային հանրությունը, առավել եւս «ռազմավարական դաշնակիցը» Բաքվին տվեցին տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու շանս:

Ծանր գնով, բայց հայկական զինուժն ու հանրությունը միասնականորեն տապալեցին Բաքվին միջազգայնորեն տրված այդ շանսը, փակուղի մտցնելով Ալիեւին եւ փաստի առաջ դնելով ռազմավարական դաշնակցին, միջազգային քաղաքական կենտրոններին ցույց տալով «հաղթանակը պահելու իրավունքն» իրացնելու հաստատակամությունը եւ կարողությունը, անգամ բարդ տնտեսական պայմաններում եւ ոչ լեգիտիմ իշխանության պարագայում:

Ապրիլի քառօրյայից հետո Հայաստանն ու Արցախը ստացան դիվանագիտական ծուղակից դուրս գալու շանս: Դրա համար անհրաժեշտ է հետեւողականորեն, քայլ առ քայլ հրաժարվել այն մոտեցումներից, որ Հայաստանի երեք նախագահները կիրառել են հաջորդաբար: Նրանցից յուրաքանչյուրը դրա համար ունեցել է գուցե իր հաշվարկներն ու համոզումները, մեկը գուցե ազնիվ, անկեղծ, մյուսը անազնիվ, կոնյուկտուրային եւ այլն, խնդիրը չարժե բերել «դավաճանության», «ծախել-չծախելու» դաշտ: Հիմա ավելի կարեւոր հարցեր դնելու եւ դրանցով զբաղվելու ժամանակն է:

Հիմա երեք նախագահներին մի կողմ դնելու ժամանակն է՝ պատվավոր, թե անպատիվ տեղում, դա ավելի հեռու ապագայի խնդիրն է, իսկ առայժմ պետք է պարզապես դնել մի կողմ եւ ձեռնամուխ լինել Հայաստանի ու Արցախի նոր ռազմավարության մշակմանը, ձեւակերպմանը, սպասարկմանը:

Այլ կերպ հնարավոր չէ զսպել Ադրբեջանի պատերազմի «նոր իրավունքի» ձեռքբերումը: Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը այն էր, ինչ խոշոր հաշվով պակասում էր զինուժի ապրիլյան դիմադրությանը: Այդ պակասը լրացվեց երկու տարի անց, բայց ոչ ուշացած: Խաղաղության եւ անվտանգության հրամայականը պահանջում է բովանդակային առումով լցնել այդ երկամյա տարածությունը եւ առավելագույնս արագ ներդաշնակեցնել ապրիլյան քառօրյայի ռազմական եւ թավշյա ապրիլի քաղաքական էֆեկտը, ստանալով Հայաստանի ռազմա-քաղաքական նոր հայեցակարգ եւ ռազմավարություն:

Դրա առանցքում պետք է լինի Արցախի առաջին պատերազմի արդյունքի պաշտպանության տրամաբանությունը: Հայաստանն աշխարհքաղաքական դերակատարման կարող է հավակնել միայն այդպես: Եթե Հայաստանը կատարում է այդ դերը, ապա այն բավական արժեքավոր գործընկեր է դիտվում գործնականում բոլոր կենտրոնների համար՝ Արեւմուտքից մինչեւ Մոսկվա, Թեհրանից մինչեւ Պեկին:

Եթե Հայաստանը հրաժարվում է այդ դերից, ապա դարձյալ Արեւմուտքից մինչեւ Մոսկվա, Թեհրանից մինչեւ Պեկին է դիտվում, բայց արդեն ոչ իբրեւ լուրջ գործընկեր, այլ իբրեւ գնդակ, ընդ որում դեռ պարզ չէ՝ միայն ֆուտբոլի՞ գնդակ՝ չարյաց փոքրագույնը, թե այն գնդակներից, որ սուրում են մարտական գործողությունների ընթացքում:

https://www.lragir.am