Տարոն Մարգարյանը դրա՞ն էր սպասում

Տարոն Մարգարյանն այսօր չի վարել Երեւանի ավագանու նիստը: Նրա տեղակալը՝ Կամո Արեյանն ասել է, որ քաղաքապետը վատառողջ է:

Երեկ FACT TV (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակեց հետաքննություն, որը վերնագրված է՝ «Ավելի լավ Երևան․ Տարոն Մարգարյանը, շրջապատը, դղյակներն ու միլիոնները»: Դրանում պատմվում է Տարոն Մարգարյանի եւ նրա մոր անունով գրանցված սեփականության մասին:

Ըստ ամենայնի, Տարոն Մարգարյանն այդ պատճառով է հիվանդացել: Բանն այն է, որ հրապարակված տեղեկություններն արդեն իսկ հիմք են իրավական գործընթաց սկսելու համար, ոչ միայն Մարգարյանի, այլեւ նրա մոր նկատմամբ: Այդ դղյակներն արժեն միլիոնավոր դոլարներ, եւ դրանք Տարոնի սեփականության միայն մի մասն են:

Ժամանակին ՀԱԿ-ը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ Տարոն Մարգարյանի միլիոնանոց սեփականության ծագումնաբանությունն ուսումնասիրելու պահանջով: Այն ժամանակ Տարոնի շրջապատից եղան «արտահոսքեր», որ հարյրը՝ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է ժառանգություն թողել բազմաթիվ անշարժ գույքեր: Սակայն այդ ժամանակ հարց էր առաջացել, թե որտեղից Անդրանիկ Մարգարյանին այդքան սեփականություն: Հետո Տարոն Մարգարյանը հերքել էր, թե ժառանգություն է ստացել: Բայց չկարողացավ բացատրել, թե որտեղից իրեն այդ ամենը:

ՀՔԾ-ն բնականաբար մերժել էր ՀԱԿ-ի դիմումը, իսկ Տարոն Մարգարյանն իր հետագա պաշտոնական հայտարարագրերում չէր նշում իր անշարժ գույքի մասին:

Երեւանի ավագանու այսօրվա նիստում Զարուհի Փոստանջյանը Կամո Արեյանին հարցրեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Տարոն Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար, հատկապես Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութերից հետո՝ նկատի առնելով այն, որ նրա մայրը, հայրը, կինը երբեւիցե ձեռնարկատիրական գործունեությամբ չեն զբաղվել։

Տարոն Մարգարյանը ներկայում ուղիղ կամ անուղղակի առնչվում է մի քանի բացահայտված կոռուպցիոն սխեմաների ու քրեական գործերի, որոնք ընդհանուր առմամբ կազմում են հարյուր միլիոնավոր դրամներ: Նա փորձում էր մաքրել «հետքերը», մասնավորապես լուծարել «Երեւան» հիմնադրամը, սակայն չհասցրեց:

Այսօր արդեն Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները սկսել են Տարոնի ուրացման գործընթացը, ինչպես եղավ ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի դեպքում: Եվ դա բնական է: Բոլորը ցանկանում են փրկել իրենց կաշին ու հեռու մնալ գողությունից իրենց բաժին հանողից:

https://www.lragir.am/