Սերժ Սարգսյանի վերջին նախազգուշացումն Ալիևին

Նախագահի պաշտոնում պաշտոնավարման վերջին օրերին Իտալիա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել տեղական «Լա Ստամպա» պարբերականին ու ներկայացրել Արցախյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտող խնդիրները։

Հակամարտության կարգավորման համար միջնորդների օգնությամբ անցկացվող բանակցությունների ակտիվացումը կարող է լինել Արցախի ճանաչման սկիզբը, սակայն բուն ճանաչման համար պետք են նաև այլ նախադրյալներ։ Այս առիթով Սերժ Սարգսյանն ասել է. «Ճանաչումը ենթադրում է անվտանգություն, երբ այն հաստատվի, մենք առաջինը կճանաչենք Արցախի անկախությունը: Անկախությունը ճանաչել հիմա՝ կնշանակեր բանակցությունների ընդհատում: Կարևորը Բաքվի կողմից ճանաչումն է»։

Հայաստանի պաշտոնաթող նախագահի խոսքերով, սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը հակված չէ հակամարտության կարգավորմանը, և Իլհամ Ալիևը շարունակում է իր նախորդների պես ռազմատենչ հայտարարություններ անել։ «Առաջին անգամը չէ, որ Ալիևը ագրեսիվ ելույթներ է ունենում, և նա Ադրբեջանի առաջին նախագահը չէ, ով այդպիսի ելույթներ է ունենում: Նախորդ նախագահները նույնպես հայտարարում էին. «Մեկ շաբաթից գնալու ենք Ստեփանակերտ՝ թեյ խմելու»։

Բարեբախտաբար, այդպես չեղավ»,- նշել է Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջև անհաղթահարելի նշաձող դնի, որովհետև այդպես ինքն իրեն է վնասում: «Երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պատմական տարածքը Ադրբեջանի տարածքն է, նա պետք է հիշի, որ Ադրբեջանը քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է ընդամենը հարյուր տարի առաջ, իսկ մենք գալիք աշնանը կտոնենք մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը»։

Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյան կողմից՝ Իտալիային՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի, հորդորին՝ այցելել Լեռնային Ղարաբաղ, Սերժ Սարգսյանն ասել է. «Լեռնային Ղարաբաղը կենսական հարց է: Պետք է ընդգծեմ, որ և՛ Նախագահ Մատարելան, և՛ Սենատի նախագահ Կազելատին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Առկա է նաև Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որում տեղ են գտել Արցախի վերաբերյալ նույն ձևակերպումները, որոնք օգտագործվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից` հակամարտության լուծման երեք հիմնական սկզբունքները հարգելու վերաբերյալ. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն: Վավերացումից հետո այս համաձայնագիրը ԵՄ անդամ բոլոր երկրների համար օրենք կդառնա: Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են: Եվրամիությունը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, այդ դեպքում Մինսկի խումբն արդյունավետ կլինի: Այս իմաստով խնդրել եմ Նախագահ Մատարելային շտապեցնել Բրյուսելին»:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը հանդես է եկել խիստ կարևոր ուղերձներով: Նա, նախ՝ հասկացնել է տվել Ալիևին, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պարզապես ժամանակի հարց է: Ու այստեղ նա շեշտել է, որ վաղ թե ուշ, դա պետք է անի Ադրբեջանը՝ հավասարը հավասարի հետ նստի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ:

Հետաքրքրական են Սերժ Սարգսյանի ուղերձները միջազգային հանրությանը: Այն է, որ Բրյուսելը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, և միայն այդ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է արդյունավետ աշխատել:

Ասել կուզի, Սերժ Սարգսյանը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Բրյուսելից այլ ակնկալիքներ ունի Ղարաբաղյան հարցում: Համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայանպաստ ձևակերպումները ԵՄ անդամ պետությունների կողմից նշանակելու են կոնկրետ դիրքորոշում՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հայտնի սկզբունքների պահպանման հարցում, իսկ օրինախախտ Ալիևը, պետք է ենթարկվի ԵՄ անդամ պետությունների ընդունած-համաձայնեցրած սկզբունքներին:

Այս առումով, կարելի է միանշանակ փաստել, որ Սերժ Սարգսյանն, ըստ էության,  նախազգուշացրել է Ալիևին, որ արկածախնդրության դեպքում՝ Հայաստանն ուղղակի կճանաչի Արցախը, հետևաբար միակ բանը, որ մնում է անել Ալիևին՝ վաղ թե ուշ, Արցախը ճանաչելն ու Արցախի իշխանությունների հետ բանակցելն է՝ բանակցությունների սեղանին նստելը:

Սերժ Սարգսյանի վերջին նախազգուշացումն Ալիևին