Մայրս տիպիկ օրինակ է՝ ինչու զբոսաշրջիկները Հայաստան չեն այցելում. Լապշին


Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում կիսվել է մտահոգություններով՝ կապված Հայաստանում զբոսաշրջությանը խոչընդոտող ծառայությունների բարձր գների հետ: «Օրերս փնտրում էի տոմս Երևանից Փարիզ՝ ապրիլի վերջի համար, և բոլորը՝ մեկ ուղղության համար արժեն 250 եվրո, ու դա դեռ էժան է, և ոչ բոլոր օրերին: Իսկ միջինը՝ մեկ ուղղությունը՝ 350 եվրո: Հետո նայեցի տարբերակներ Թբիլիսիից, իսկ այնտեղ 130 եվրո է: Արդեն լավ է: Հետո նայեցի Քութայիսիից Wizzair-ով, իսկ այնտեղից Փարիզ մեկ ուղղությունն ընդամենը 50 եվրո է»,- գրել է նա:

Երկրորդ խնդիրը, ըստ բլոգերի, հյուրանոցներն են, քանի որ Երևանում հնարավոր չէ գտնել օրական 50 եվրոյից էժան հյուրանոց, մինչդեռ Լոնդոնում այդ գնի հյուրանոց կարելի է գտնել քաղաքի կենտրոնում: «Իմ մայրը համեստ թոշակառու է… Մեկ ուղևորության համար հատկացնելով, օրինակ, 500 եվրո, նա կարող է մեկ շաբաթ հանգստանալ Փարիզում, ներառյալ հյուրանոց և տոմս, Հռոմում, Լոնդոնում, Բուլղարիայում, Իսպանիայում:

Իսկ Հայաստանում չի կարող, նրա համար Հայաստան ուղևորությունը շատ ավելի թանկ է արժենում: Անհեթեթությու՞ն է: Իմ մայրը տիպիկ օրինակ է այն բանի, որ օտարերկրացի զբոսաշրջիկները Հայաստանի նկատմամբ ամենայն համակրանքով անգամ ստիպված են իրենց հանգստի համար ընտրել այլ ուղղություն»,- գրել է Լապշինը: Նա նկատում է, որ օրինակ Բաթում գնացող զբոսաշրջիկները տարածաշրջանում որպես երկրորդ ուղղություն Հայաստանի փոխարեն նախընտրում են Թուրքիան, ու պատճառը ոչ թե այն է, որ Հայաստանը պակաս հետաքրքիր է կամ Թուրքիան ավելի մոտ, այլ այն, որ Թուրքիայում ծառայությունները շատ ավելի լավն են ու մատչելի: «Ու ահա թե ինչն է անհասկանալի: Հայաստանն իր հսկայական զբոսաշրջային ներուժով կարող էր գրավել միլիոնավոր զբոսաշրջիկների և զբոսաշրջության վրա աշխատել միլիարդավոր դոլարներ, որոնք այդքան անհրաժեշտ են տնտեսությանը: Բայց գործնականում Վրաստան տարեկան այցելում է 7 մլն հյուր, իսկ Հայաստան՝ 1.5 մլն: Պարզապես վրացիները ստեղծել են զբոսաշրջության զարգացման համար բոլոր պայմանները… Առանձին կխոսեմ Հայաստանի ներքին տրանսպորտի մասին: Այն վատն է: Երևանում մի քանի անկանոն ավտոկայաններ կան, որտեղ շատ դժվար են արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Համացանցում հնարավոր չէ գտնել ավտոբուսների երթուղիները դեպի այլ շրջաններ, հասկանալի չէ՝ ինչ արժեն գնացքի տոմսերը, ինչպես հասնել ինչ-որ եկեղեցուց լեռներ: Ամբողջ հույսը միայն հայերի հյուրընկալության և բարեսրտության վրա է:

Հիշում եմ, մի քանի տարի առաջ ինքս էլ մնացել էի Գորիսում և երկու ժամ Տաթև տանող փոխադրամիջոց էի փնտրում: Տաքսիստները, տեսնելով, որ զբոսաշրջիկ եմ, թանկ էին վերցնում: Արդյունքում ինձ տեղ հասցրին այլ զբոսաշրջիկներ, որոնք իրենք էլ մոլորվել էին, բայց գոնե մեքենայով էին: Իսկ մի անգամ, երբ ուզում էի Երևանից Գյումրի գնալ, մեկ ժամ նստած էին մեքենայում ու սպասում էի, երբ է վարորդը լցնելու բոլոր նստատեղերը: Գումարած դրան՝ բավարար չեն անգլերենով ցուցումները, և եթե դուք չեք խոսում հայերեն կամ գոնե ռուսերեն, ապա շատ դժվար է»,- գրել է Լապշինը: Բլոգերը նկատում է, որ Վրաստանում զբոսաշրջիկները միջինը ծախսում են օրական 80 եվրո՝ հյուրանոցի, այցերի, ուտելիքի և հուշանվերների վրա:

Իսկ դա հսկայական գումար է ստացվում արդյունքում, դա է պատճառը, որ տուրիզմը դարձել է լուրջ աղբյուր Վրաստանի գանձարանի համար: «Այո՛, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով հազիվ թե կարողանա այդքան վաստակել որպես տարանցիկ կետ, քանի դեռ փակ է մնում Աբխազիայով դեպի Ռուսաստան տրանսպորտային միջանցքը: Բայց զբոսաշրջությունը ոչ մեկ հո չի՞ խանգարում զարգացնել: Ինչու՞ երկիր չեն բերում եվրոպական բյուջետային ավիաընկերություններ՝ թույլատրելով նրանց թռչել, օրինակ, Գյումրիից: Դա զգալիորեն կավելացներ զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, թույլ կտար Հայաստանի քաղաքացիներին էժան և հարմարավետ ճամփորդել արտասահման: Ու բացի այդ, հնարավորություն կտար տասնյակ հազարավոր մարդկանց ունենալ արժանավայել աշխատանք՝ լավ աշխատավարձով»,- գրել է Լապշինը:

 

http://www.aravot.am/2018/04/05/947305/


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն