Սերժ Սարգսյանը էլ չդիմացավ


Մեկ օր անց Սերժ Սարգսյանը վայր կդնի Հայաստանի հանրապետության նախագահի լիազորությունը, որ նա ստանձնել էր տասը տարի առաջ: Բազմազան կլինեն Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի գնահատականները: Մեծ հաշվով, դա հակասությունների տասնամյակ էր, ճշգրիտ գնահատման համար բավական բարդ ու դժվար, որովհետեւ արտառոց էր նաեւ արտաքին տնտեսա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական ֆոնը, որում կառավարվում էր Հայաստանը:

Ի դեպ, այդ տեսանկյունից իրավիճակը բավական նման է Հայաստանի անկախության առաջին տասնամյակի հետ, թեեւ այս դեպքում տասնամյակ ասվածը պայմանական, որպես նախագահական ժամկետ, որն իրականում յոթնամյակ էր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությունը: Այն նույնպես ընթանում էր արտառոց արտաքին ֆոնի, պատերազմի պայմաններում, եւ այն գնահատելու առումով նույնպես դժվար է ապահովել բարձր ճշգրտություն:

Սերժ Սարգսյանի նախագահության երկու շրջանները հնարավոր է թերեւս իրենց հակասականությամբ ի մի բերել մի բառով՝ Սարգսյանը դիմացավ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, չդիմացավ եւ տասնամյակը չամբողջացավ՝ 7 տարի անց նա ներկայացրեց հրաժարական, թավշյա ներիշխանական հեղաշրջման արդյունքում, որը հնարավոր դարձավ հանրային լեգիտիմության բացակայության պատճառով:

Սերժ Սարգսյանը դիմացավ, տասնամյակն ամբողջացավ, լեգիտիմությունը դարձյալ չկար, բայց նա կարողացավ կանխել նաեւ թավշյա հեղաշրջման վտանգները, որոնցից գտնվում էր վտանգավոր հեռավորության վրա:

Ապրիլյան քառօրյա պատերազմի գնով որպես պետություն դիմացավ նաեւ Հայաստանը:
Սերժ Սարգսյանը չդիմացավ հետո, չդիմացավ վարչապետ մնալու գայթակղությանը: Դեռեւս հայտարարված չէ պաշտոնապես, բայց կասկածները կարծես թե վերջնականապես ցրված են, որ ՀՀԿ-ն կարող է ներկայացնել նրա փոխարեն այլ թեկնածություն:

Հայաստանում իհարկե հենց Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում եղել է մի քանի գիշեր, երբ հանրությունն արթնացել է լիովին նոր իրավիճակում: Կլինի՞ այդպիսին վարչապետի թեկնածության որոշմանը նախորդող գիշերը, ասելը բնականաբար դժվար է, բայց համենայն դեպս իրավիճակը ներկայում արդեն թվում է խիստ կանխատեսելի:

Մեկնաբանելով իր վարչապետության հավանականությունը՝ դրան չհավակնելու մասին չորս տարի առաջ արած հայտարարության ֆոնին, Սարգսյանն ասել էր, թե կլինի վարչապետ մի հավելումով՝ որ փորձը պետք է փոխանցի երիտասարդներին, եւ պետք է ձեւավորի երիտասարդ լիդերներ, անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից:

Փաստացի, Սերժ Սարգսյանը հայտարարում է այն առաքելությունը, որը պետք է լիներ նրա նախագահության տասնամյակի արդյունքը: Ընդ որում, Սարգսյանն իր տասնամյակի ընթացքում որոշակիորեն կատարեց քայլեր այդ ուղղությամբ եւ իշխանության որոշակի երիտասարդացումը նկատելի է, բայց անկասկած է նաեւ, որ այդ գործընթացը տեղի էր ունենում նաեւ զգալի տեղատվության ուղեկցությամբ: Որովհետեւ Սերժ Սարգսյանը դիմանում էր: Այլ խնդիր նա չէր լուծում, մնացյալ ամեն ինչ դիմանալու խնդրի լուծմանը ծառայող միջոցներ էին, որոնք Հայաստանի վրա արժեցան մոտ 370 հազար արտագաղթ, տնտեսության խոշոր անկում, ապրիլյան քառօրյա:

Հայաստանն էլ փաստորեն դիմացավ այդ ծանր գնով: Հիմա Սարգսյանը չդիմանալով վարչապետության գայթակղությանը, հայտարարում է, որ Հայաստանն էլ այլեւս պետք է ոչ թե դիմանա, այլ զարգանա եւ դնի բարձր նպատակներ, 2030-ի, 2040-ի համար:

Դժվար է իհարկե դիմանալ երազելու գայթակղությանը, որը հավաքական առումով իրապես պետք է բոլոր հասարակություններին: Բայց այն, որ Սերժ Սարգսյանն էլ չդիմացավ վարչապետ մնալու գայթակղությանը, ավելի շուտ հարցեր ու մտահոգություններ է առաջացնում, ոչ թե երազելու տրամադրություն:
Սարգսյանը չդիմացավ այդ գայթակղությանը երկու պատճառով՝ կամ որովհետեւ չի ուզում թողնել իշխանությունը, կամ որովհետեւ չի կարող՝ անհրաժեշտ է, իրավիճակը այնպիսին է, որ իսկապես «անփոխարինելի» է: Երկու դեպքում էլ վատ է, եւ Սարգսյանի վարչապետությունը փաստացի ստացվում է չհուսադրող ինդիկատոր, որքան էլ Սարգսյանը փորձում է հույս տալ:

Մյուս կողմից, Հայաստանի հանրությունը գուցե պետք է երազելու համար չսպասի Սերժ Սարգսյանի հեռանալուն, այլ դիմանա հուսահատվելու եւ նեղսրտելու գայթակղությանն ու երազի, որ Սերժ Սարգսյանը հեռանա: Սարգսյանի իշխանությունը հայ ժողովրդի երազանքը չէ, բայց երազանքի բացակայության հետեւանքն է:

Ըստ այդմ, խոշոր հաշվով, առանցքային խնդիրը այն էլ չէ, թե ով է լինելու կամ ով կարող է լինել վարչապետ: Առանցքային խնդիրը խոշոր հաշվով այն է, թե որն է լինելու Հայաստանի հասարակության երազանքը՝ հայկական երազանքը:

https://yelaket.am/


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն