Գերմանիայից մոտ 50 հայի են արտաքսել, որոնք ՀՀ են ժամանել հատուկ ուղիղ չվերթով (տեսանյութ)


Գերմանիայից մոտ 50 հայերի են արտաքսել, որոնք ՀՀ են ժամանել հատուկ ուղիղ չվերթով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեցին Գերմանիայից արտաքսված հայերը՝ շեշտելով, որ արտաքսվածների մեծ մասն ունեցել է առողջական խնդիրներ և Գերմանիայում է եղել բուժման նպատակով:

42-ամյա Տիգրան Հունանյանը Tert.am-ի հետ զրուցում պատմեց, որ ինքը շաքարային դիաբետով է հիվանդ, որն ախտահարել է նրա երիկամները, ինչից հետո նա դիալեզ է ստացել: Նրա խոսքով՝ ՀՀ-ում ստացած դիալեզից ինքն իրեն շատ վատ է զգացել:

«Մոտ 2.5 տարի առաջ տեղափոխվեցի Գերմանիա ու իրենց դեղորայքից շատ լավ էի զգում: Իրենք բուժման ընթացքում որևէ տարբերություն չեն դրել իրենց քաղաքացիների ու մեր նկատմամբ, իսկ հիմա մեր Հայաստանն ասում է «եկե՛ք այստեղ, մենք կարող ենք ձեզ բուժել»,- ասաց նա:

Տիգրան Հունանյանն ընդգծեց, որ ինքն ունի 2 փոխպատվաստման կարիք և նշեց, որ հիվանդանոցից արդեն իսկ իրեն զանգել ու ասել էին, որ մոտ ժամանակներս իրենք կարող են վիրահատել. «Փոքր հասակում էր ինձ հարկավոր, բայց այդ ժամանակը, ցավոք, ինձ չտվեցին:

Համապատասխան նամակն ունեի, որ շուտով պետք է վիրահատվեի, կեցության ևս 3 ամիս ժամանակ ունեի, բայց արտաքսեցին»,- ընդգծեց նա:

Արտաքսվածները պատմում են, որ իրենց արտաքսման մասին չեն տեղեկացրել, պարզապես երեկոյան ուշ ժամին այցելում ու արտաքսում են, նույնիսկ հետևել են պետքարան գնալու ընթացքում:

«Գիշերը կամ առավոտվա կողմ գալիս են, արտաքսում, բայց իրավունք չունեն ինձ նման հիվանդներին այդ կերպ դուրս հանել, քանի որ իրենց երկրի օրենքի համաձայն՝ նախապես պետք է զգուշացնեն, որ սթրեսից և այլնից հեռու լինեք»,- շարունակեց Հունանյանը:

Մոտ 50 արտաքսվածների մեջ Տիգրան Հունանյանը միակը չէ, որ ունեցել է առողջական խնդիրներ: Ըստ Հունանյանի՝ ինքնաթիռում գտնվողների առնվազն կեսը առողջական լուրջ խնդիրներ են ունեցել:

Տիգրան Մկրտչյանի հարազատին էլ արտաքսել են՝ 63-ամյա Քաջիկ Մկրտչյանին: Նա նշեց, որ իրենց հիվանդի երիկամներում քար է եղել, վիրահատել են, բայց հիվանդանոցից անմիջապես արտաքսել:

«Օպերացիա են արել և «շլանգը» կախված արտաքսել են, ինչի՞ համար: Ոչ մի բան չեն ասել, առանց զգուշացնելու հիվանդանոցից ուղիղ արտաքսել են ու ոչ միայն իրեն. ինքը պատմում է, որ ում արտաքսել են բոլորն էլ առողջական խնդիրներով են: Ես զարմանում եմ՝ մի՞թե չէր կարելի բուժել, թող էլի արտաքսեին, բայց բուժեին, նոր արտաքսեին, մարդկային խիղճ է»,- ներկայացրեց Տիգրան Մկրտչյանը:

Հարազատներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ որոշ դեղեր, որոնք օգտագործում էին իրենց արտաքսված բարեկամները, ՀՀ-ում չկան, իսկ եղածներն էլ սարսափելի թանկ են: Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է բուժումը շարունակվելու ՀՀ-ում, քանի որ պնդում են, որ համապատասխան պայմաններ չկան: Նրանց խոսքով՝ հարցում են արել, և պարզվել է, որ որոշ դեղերի գծով նույնիսկ ներմուծում չկա:

«Քույրս Երևանյան հիվանդություն ունի, արդեն պիտի թուղթն ուղարկեի, որ իր ստացած դեղը ՀՀ չի ներմուծվում: Արտերկրում էլ դեղը շատ թանկ է, 100-200 դոլար չէ, այլ հազարավոր դոլարների հարց է»,- շարունակեց արտաքսվածի քույրը:

Tert.am-ը կապ հաստատեց նաև այս պահին Գերմանիայում գտնվող հայերի հետ և տեղեկացավ, որ հայերին հաճախ են արտաքսում:

«Հայերն էստեղ վախի մեջ են: Արդեն տարուց ավելի է՝ սկսել են «դեպորտ» անել մարդկանց. հաշվի չեն առնում նաև շատերի բժշկական թղթերը, որոնցում գրված է, որ պետք է մնան բժիշկների հսկողության տակ ու ինքնաթիռ նստելն արգելված է: Մեր քաղաքում կար նաև մի մարդ, ում «դեպորտ» էին արել անմիջապես քաղաքապետարանից, չէր կարողացել տնից նույնիսկ դեղերն ու շնչառական ապարատը վերցնել, իսկ այսօրվա դրությամբ այդ դեղերը չկան Հայաստանում, իսկ եղածն էլ շատ թանկ է: Շատերին «դեպորտ» են անում առանց համապատասխան ծանուցման, ինչը օրենքով չէ, այսինքն՝ մեկ ամիս առաջ զգուշացնելու փոխարեն օր են նշանակում ու հենց էդ օրը արտաքսում: Շատերին գիշերը գնացել ու տանից են հանել, տարել»,- մեզ հետ զրույցում բողոքեց գերմանահայերից Նելլի Ալավերդյանը:

Մանրամասներ՝ տեսանյութում:


Տարածիր, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն