«Տոտենհեմը» «խերով» է Մխիթարյանի համար. «Արսենալի» մեկնարկային կազմը՝ լոնդոնյան դերբիում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում վաղը «Տոտենհեմը» կհյուրընկալի «Արսենալին»։ Բուքմեյքերները լոնդոնյան դերբիի ֆավորիտ են համարում «Տոտենհեմին»՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 2 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3.7, իսկ «Արսենալի» հաղթանակը՝ 3.64 գործակցով։

Հիշեցնենք, որ 26-րդ տուրում «Տոտենհեմը» ոչ-ոքի՝ 2։2 էր խաղացել «Լիվերպուլի» հետ, իսկ «Արսենալը» 5։1 հաշվով առավելության էր հասել «Էվերթոնի» նկատմամբ։ Առաջիկա հանդիպումը սկզբունքային լինելուց բացի, շատ կարևոր է նաև մրցաշարային տեսանկյունից։ 26-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 49 միավորով 5-րդն է, իսկ «Արսենալը» 45 միավորով՝ 6-րդը։ Լոնդոնյան երկու թիմերն էլ պայքարում են լավագույն քառյակում տեղ ունենալու համար, ինչը հնարավորություն կտա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։

26-րդ տուրից հետո շատ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունից հետո ցուցադրեց եթե ոչ՝ իդեալական, ապա իդեալականին մոտ ֆուտբոլ։ «Էվերթոնի» հետ հանդիպումից հետո շատերը վստահ են, որ լոնդոնյան դերբիում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փոփոխություններ չի կատարի հիմնական կազմում։ «Առաջիկա մրցավեճում կխաղանք գրեթե նույն կազմով, որով խաղացինք «Էվերթոնի» դեմ: Նախորդ խաղում Մխիթարյանը և Օբամեյանգը իրենց իսկական պրոֆեսիոնալների պես պահեցին: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Մխիթարյանը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում թե՛ մարզումներին, թե՛ խաղերին»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Փաստորեն, «Տոտենհեմի» դեմ «Արսենալը» կրկին կխաղա 4-3-2-1 մարտավարությամբ։ Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Մուստաֆին և Կոսելնին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական ու Ռեմսին: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, իսկ աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ձախ եզրում էլ հանդես կգա Իվոբին, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Օբամեյանգը:

Նշենք, որ ի տարբերություն «Տոտենհեմի»՝ «Արսենալը» առաջիկա հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու ժամանակ է ունեցել։ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում «Տոտենհեմը» փետրվարի 7-ին մրցել է «Նյուփորթի» հետ և հաղթել 2։0 հաշվով։ Այս հանդիպմանը մասնակցել են «Տոտենհեմի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ։ Երկրորդ կեսում խաղադաշտ են դուրս եկել Ալին և Էրիկսենը, իսկ Սոնը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Թիմի ռմբարկու Քեյնն այս խաղին չի մասնակցել։

Փորձագետների կանխատեսումներով՝ վաղը «Տոտենհեմը» ևս հանդես կգա 4-3-2-1 մարտավարությամբ։ Դարպասում կլինի Լյորիսը, իսկ պաշտպանության կենտրոնում Վերտոնգենը և Ալդերվեյրելդը։ Պաշտպանության աջ եզրում կլինի Տրիպերը, իսկ ձախ եզրում՝ Դևիսը։ Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Դայերն ու Դեմբելեն, իսկ ենթահարձակվողի դիրքում հանդես կգա Ալին։ Աջ եզրում կլինի Էրիկսենը, իսկ ձախ եզրում՝ Սոնը։ Որպես նոմինալ հարձակվող կխաղա Քեյնը։

Սպասվում է, որ առաջիկա խաղում «Տոտենհեմը» առանձնակի ուշադրությամբ կգործի Հենրիխ Մխիթարյանի դեմ, որը «Էվերթոնի» դեմ ցույց էր տվել փայլուն խաղ՝ ընդգրկվելով 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հիշենք, որ Մխիթարյանն իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփել էր դեկտեմբերի 11-ին՝ «Տոտենհեմի» հետ մրցավեճում գրավելով Լյորիսի դարպասը։ Այդ խաղում ևս Մխիթարյանը ելույթ ունեցավ աջ եզրում և գոլի հեղինակ դարձավ հենց աջ եզրից։ Լոնդոնյան թիմի երկրպագուները տարատեսակ ֆորումներում կարծիք են հայտնում, թե «Տոտենհեմը» հաջողակ կամ, ինչպես ընդունված է ասել, խերով թիմ է Մխիթարյանի համար, և հայ ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում իր առաջին գոլը կխփի հենց կարևորագույն մրցավեճում։

Բրիտանական լրատվամիջոցները նկատել են, որ Հենրիխ Մխիթարյանը ջանքեր է գործադրում իր և նոր խաղընկերների միջև համագործակցության մակարդակն ամրապնդելու համար: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստը «Արսենալի» վերջին մարզման ժամանակ անհատապես աշխատել է հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և Ալեքսանդր Լակազետի հետ: Սովորաբար մարզիչներից որևէ մեկն է կատարում այդ աշխատանքը, բայց այս անգամ այն արել է Մխիթարյանը: Նրանք կատարել են հարձակողական ոճի խաղացողների հատուկ վարժություններ:

Ինչևէ, «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 16։30-ին։

http://www.1in.am/2295250.html