Ում կոչնչացնի «Բերմուդյան» եռանկյունը. Արսեն Վենգերի վերջին շանսը…

Եվրոպական ֆուտբոլում տրանսֆերային պատուհանի վերջին օրերը նշանավորվեցին նշանակալի տեղափոխություններով: Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դարձավ «Արսենալի» խաղացող: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ «Արսենալը» «Բորուսիային» 63 միլիոն եվրո է վճարել այս տրանսֆերի համար: Փոխարենը «Արսենալը» երեկ հրաժեշտ տվեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին, որը պայմանագիր կնքեց Լոնդոնի մեկ այլ թիմի՝ «Չելսիի» հետ:

Այս գործարքի մանրամասները դեռևս հայտնի չեն: Նշվում է, միայն, որ Ժիրուն մեկուկես տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ և հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Ժիրուն «Արսենալում» խաղում է 2012 թվականից և թիմի կարևոր ֆիգուրներից մեկն էր: «Արսենալի» կազմում ֆրանսիացի հարձակվողն անցկացրել է 253 հանդիպում և դարձել 105 գոլի հեղինակ: Սա բավական բարձր ցուցանիշ է:

Ինչևէ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դոմինանտի դերում փաստորեն «Արսենալն» էր, որը հրաժեշտ տալով երկու առանցքային ֆուտբոլիստների՝ Սանչեսին և Ժիրուին, ձեռք բերեց երկու նոր խաղացողների՝ Մխիթարյանին և Օբամեյանգին: Վերջիններս հավակնում են դառնալ թիմի շարժիչ ուժը:

Մրցաշրջանի միջնամասում «Արսենալի» կատարած քայլերը կարելի է որակել արմատական: Արսեն Վենգերի թիմի ելույթը մրցաշրջանի առաջին կեսում կարելի է որակել խիստ անհաջող: Այս պահին «Արսենալը» միայն 6-րդ հորիզոնականում է և տեսական հնարավորություններ ունի լավագույն քառյակում հայտնվելու: 5-րդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմին» «Արսենալը» զիջում է 6, իսկ 4-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին»՝ 8 միավորով:

Երեկ հայտնի դարձավ, որ «Արսենալի» հետ պայմանագիրը 3 տարով երկարաձգել է կիսապաշտպանության առաջատար Մեսութ Օզիլը: Նա շաբաթական կստանա 350 հազար ֆունտ, ինչը ռեկորդային աշխատավարձ է լոնդոնյան ակումբի համար: Նշենք, որ մինչ այս Օզիլը ստանում էր շաբաթական ընդամենը 140 հազար ֆունտ:

Այսօր «Արսենալն» ունի հարձակողական հզոր մի եռանկյուն՝ ի դեմս Օզիլի, Մխիթարյանի և Օբամեյանգի: Ոմանք խաղային այս եռյակը անվանում են Բերմուդյան եռանկյուն՝ կարծիք հայտնելով, որ այն առաջնության երկրորդ հատվածում ոչնչացնելու է մրցակիցներին: Կարո՞ղ է արդյոք այս եռանկյունը ոչնչացնել Պրեմիեր լիգայի ֆավորիտներին՝ ցույց կտա ժամանակը:

«Ուրախ եմ, որ գործարքը կայացավ, և ես հայտնվեցի Լոնդոնում: Ինձ մեծ ուրախություն է հաղորդում այն, որ Մխիթարյանի հետ խաղալու ենք նույն թիմում: Ուղղակի երջանիկ եմ այս հիանալի ակումբում լինելու համար: «Արսենալը» հարուստ պատմություն ունի, նրանք ունեցել են հիանալի ֆուտբոլիստներ, ինչպիսին էր Թիերի Անրին: Նա օրինակ է հարձակվողների համար: Անրին արագ էր, բազմաթիվ գոլերի հեղինակ էր դառնում: Հնարավոր է, որ ես ինչ-որ բանով նման եմ նրան: Շատ պետք է աշխատեմ Անրիին նմանվելու համար: Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել «Արսենալին» վերադառնալ լավագույնների շարք»,- ասել էր Օբամեյանգը:

Վերջինս «Արսենալում» կկրի 14 համարի մարզաշապիկը: «Արսենալում» 14 համարի ներքո էր խաղում նաև Անրին: Այսօր շատ է հիշատակվում այն, որ ժամանակին Մխիթարյան-Օբամեյանգ խաղային զույգը տոն էր տալիս Գերմանիայի առաջնությունում: Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո Արսեն Վենգերը տրամադրության տակ ունի բավական ուժեղ և մարտունակ կազմ:

Ձեռք բերելով Օբամեյանգին, Մխիթարյանին և երկարաձգելով պայմանագիրը Օզիլի հետ՝ «Արսենալի» ղեկավարությունը, կարելի է ասել, վերջին շանս է տվել Արսեն Վենգերին: «Ուրախ եմ, որ Պյեր-Էմերիկը միացավ մեզ: Մենք լուրջ խնդիրներ ունեինք առջևի գծում, և կարծում եմ, որ Օբամեյանգը կկարգավորի դրանք: Մեր նոր հարձակվողն ունի պոտենցիալ և հարձակվողին բնորոշ հզորություն: Այդ հզորությունը մեզ օդի և ջրի պես պետք է: Օբամեյանգը պետք է իր ետևից տանի թիմը: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Վենգերը:

Դեռևս անցյալ տարի շատ էր խոսվում ֆրանսիացի մասնագետի՝ թիմից հեռանալու մասին: Այսօր էլ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մրցաշրջանը կրկին ձախողելու պարագայում ամռանը «Արսենալի» ղեկավարությունը աշխատանքից կազատի Վենգերին՝ նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակելով իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին:

Նախորդ մրցաշրջանը «Արսենալն» ավարտեց 5-րդ հորիզոնականում, ինչը որակվեց ձախողում: Վենգերի թիմը ոչնչով աչքի չընկավ նաև եվրագավաթների խաղարկությունում: Վենգերը խիստ քննադատության ենթարկվեց նաև Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում ետնապահ «Սուոնսիից» կրած պարտությունից հետո:

Հաջորդ հանդիպումն «Արսենալն» անց է կացնելու փետրվարի 3-ին՝ հյուրընկալելով «Էվերթոնին»: Չի բացառվում, որ այս մրցավեճում առաջին անգամ խաղադաշտում տեսնենք «Բերմուդյան եռանկյունը»:

http://www.1in.am/2289951.html